ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Աշխարհաքաղաքական փոփոխություններից առավելագույնս օգտվելու երաշխիքները

Աշխարհաքաղաքական փոփոխություններից առավելագույնս օգտվելու երաշխիքները
27.02.2009 | 00:00

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ, ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
«Քաղաքականության մեջ անշտապ համառությունը գերազանցում է անսանձ ուժին, հանգամանորեն մշակված պլանը՝ հանկարծածագ պոռթկումին, պրագմատիզմը՝ ռոմանտիկային»։
Ստեֆան ՑՎԱՅԳ
Քանի որ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներն անխուսափելիորեն տանում են նոր աշխարհակարգի ձևավորման, ուստի բնական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրան համարժեք փոփոխությունների է ենթարկվելու։ Փոփոխություններն էական կլինեն, թե կկրեն ընդամենը «սրբագրային» բնույթ, մեծապես կախված կլինի միջազգային հարաբերություններում տեղի ունեցող «խմորումների» մակարդակից։ Մինչ մոտ ապագայում աշխարհում սպասվելիք քաղաքատնտեսական նոր հարաբերությունների հավանական սցենարների գնահատմանն ու վերլուծությանն անցնելը, հարկ է մի փոքրիկ էքսկուրս կատարել հայկական դիվանագիտության անցած ճանապարհի «քառուղիներով» և փորձել քիչ թե շատ օբյեկտիվ գնահատել մեր երկրի արտաքին գերատեսչության գործունեությունը վերջին տասը տարիների կտրվածքով։
Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը միշտ էլ եղել և մնում է փորձագետների, քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում` դառնալով բանավեճերի անսպառ աղբյուր, տարաբնույթ տեսակետների բախում առաջացնող առանցքային հիմնախնդիր։
Պատահական չէ, որ վերլուծաբանները հաճախ ընկնում են ծայրահեղությունների մեջ և հայաստանյան քաղաքական կյանքի գրեթե բոլոր զարգացումները, գործընթացներն ու իրողությունները պայմանավորում դրսի ազդեցություններով, թելադրանքով կամ նույնիսկ պարտադրանքով։ Աստիճանաբար այս երևույթը դառնում է կաղապարված մտածելակերպ, բացառություն չընդունող աքսիոմ։ Կամա թե ակամա, հանրությանը ներարկվում է շատ վտանգավոր գաղափար, թե մեր երկրում մեզանից ոչինչ կախված չէ, ամեն ինչ վճռվում է դրսում, գերտերությունների կամքով ու ցանկությամբ։
Ընդունելով հանդերձ, որ արտաքին աշխարհի ազդեցությունը բավականին մեծ է, և այլ կերպ չէր էլ կարող լինել, այնուամենայնիվ, արձանագրենք. Հայաստանը ոչ նախկինում, ոչ էլ այսօր միայն «խաղատախտակ» չի եղել, եղել է նաև «խաղացող»։ Այլ հարց է, որ ընդդիմադիր քննադատները չեն ցանկանում դա ընդունել, ներկայացնելով, որ մեր պետությունը գերտերությունների «ձեռքում» եղել և մնում է ընդամենը խամաճիկ։ Քննադատության հիմնական թիրախը Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունն է, որը միշտ սվիններով է ընդունվել փոխլրացման քաղաքականության հակառակորդների կողմից, որոնք էլ սույն սկզբունքի սնանկությունն ապացուցելու համար ներկայացրել են, մեղմ ասած, ոչ համոզիչ, շատ հաճախ անտրամաբանական, երբեմն էլ հակասական փաստարկներ։ Մեջբերենք ամենից շատ շահարկված և իրար հակասող ընդամենը երկու տեսակետ։
1. Կոմպլեմենտարիզմն իշխանությունների համար ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուսական շահերի սպասարկմանն ուղղված մարտավարություն։ Այն երկիրը տանում է կայսերապաշտական նկրտումներ ունեցող մեկ գերտերությունից լիակատար կախվածության, անկախ պետականության աստիճանական կորստի, մի խոսքով, գաղութացման ճանապարհով։ Պարզից էլ պարզ է, որ սա Հայաստանի ծայրահեղ լիբերալների, մոլի արևմտամետների տեսակետն է։
2. Փոքր-ինչ չափավոր արևմտամետ քաղաքագետների մեկ այլ խումբ տասը տարի շարունակ թմբկահարում է այն թեզը, թե կոմպլեմենտարիզմն անհեթեթություն է այն պարզ պատճառով, որ նպատակ ունի միաժամանակ հիմարացնելու ԱՄՆ-ին և Ռուսաստանին` երկուսին էլ հարմար պահի «քցելու» մտայնությամբ։ Այդպիսի «ճողված» վիճակի պարագայում երկու գերտերություններն էլ մի գեղեցիկ օր մեզ կճզմեն իրենց կրունկների տակ։
Նույնիսկ մակերեսային դիտարկմամբ էլ ակնհայտ է այս երկու գնահատականների միջև եղած հակասությունը։
Անցած տասը տարիները եկան ապացուցելու, որ, բոլոր թերություններով հանդերձ, փոխլրացման քաղաքականությունը խոշոր հաշվով արդարացրել է իրեն։ Ոչ գաղութացվել ենք, ոչ, առավել ևս, ճզմվել որևէ գերտերության կրնկի տակ։
Իսկ ի՞նչ են առաջարկել ու առաջարկում ընդդիմադիր փորձագետներն ու քաղաքական գործիչները։ Առաջարկում են, իրենց իսկ ձևակերպմամբ, «հավասարակշռված» արտաքին քաղաքականություն։ Միամիտ պետք է լինել հավատալու համար, որ վերջիններս «հավասարակշռվածություն» ասելով հասկանում են Ռուսաստան-Արևմուտք դիրքորոշումներում 50-50 տոկոսային հարաբերակցության պահպանումը։ Իրականում նրանք նկատի ունեն, անպաճույճ ու պարզ բնորոշմամբ, «մեջքով՝ Ռուսաստան, դեմքով՝ Արևմուտք» բանաձևը կյանքի կոչելու նախընտրելիությունը։
Փոխլրացման քաղաքականությունն արդարացնելով` բնավ նկատի չունենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական ոլորտում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ունեցել է լուրջ ձախողումներ։ Այդ ձախողումները բնավ չեն առնչվում «բազմաչարչար» կոմպլեմենտարիզմի հետ։ Հիմնական ու լուրջ ձախողումների մեծ մասը վերաբերում է տարածաշրջանային, ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տնտեսական ծրագրերից դուրս մնալուն։ Միջազգային ինտեգրացիոն գործընթացներից մեկուսացումը հիմնականում պայմանավորված է ԼՂ չկարգավորված հակամարտությամբ։ Հնարավո՞ր էր, արդյոք, այս պարագայում ճեղքել մեկուսացումը, երբ կարևոր կոմունիկացիաներն արևելքից արևմուտք անցնում են մեր «ոխերիմ հարևանների» տարածքներով, վերջիններիս բնական պաշարների, նպաստավոր աշխարհագրական դիրքի առկայությամբ՝ Հայաստանը շրջանցելու հստակ միտումով։ Եթե հնարավոր լիներ այս հարցին ստույգ պատասխան տալ, ապա կարելի էր նաև ճիշտ գնահատել, թե մեր դիվանագիտության ձախողումների որ մասն է օբյեկտիվ, որ մասը՝ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված։ Կա, իհարկե, տարբերակը՝ լուրջ զիջումների գնով լուծել ԼՂ հիմնախնդիրը և հեշտությամբ իրականացնել միջազգային ինտեգրացիոն գործընթացներին ներգրավվելու հարցը։ Եթե կարծում եք, որ չկան այս տարբերակի կողմնակիցներ, միանշանակ սխալվում եք։ Սույն դիրքորոշման պաշտպանները, որպես կանոն, արտահայտվում են կոդավորված, «փակ», դժվար վերծանելի ենթատեքստերով, այլապես կպիտակավորվեն որպես Արցախը ծախողներ, հայրենիքի դավաճաններ, Արևմուտքի դրածոներ։ Թեպետ առավել խորաթափանցները ոչ մեծ դժվարությամբ «կհայտնաբերեն», թե որ քաղաքական ուժերն ու գործիչներն են մտքում պահում Արցախը թեկուզ մասնակի զոհաբերելու տարբերակը։
Ինչևէ։ Այս ընդհանուր շտրիխներով էլ «փակենք» մեր արտաքին քաղաքականության երեկվան ու այսօրվան վերաբերող խնդիրները և անդրադառնանք սպասվելիք զարգացումներին։ Ինչպես վերը նշեցինք, սրընթաց վերափոխվող աշխարհում սպասումները շատ են՝ թե՛ կտրուկ հաջողությունների հասնելու, թե՛ վտանգավոր մարտահրավերների առջև հայտնվելու տեսանկյունից։
Միանգամից նշենք, որ ձևավորման ավարտին մոտեցող նոր աշխարհակարգում «հին» կոմպլեմենտարիզմը կա՛մ պետք է լուրջ սրբագրումների ենթարկվի, կա՛մ փոխարինվի բոլորովին նոր արտաքին քաղաքական կոնցեպցիայով՝ կախված աշխարհաքաղաքական փոփոխությունների բնույթից։
Հայեցակարգային փոփոխությունները, կարծում ենք, բխելու են հետևյալ հնարավոր իրողություններից.
1. հայ-թուրքական հարաբերություններում մասնակի կամ համեմատաբար լուրջ շրջադարձ։ Որքան էլ մեր մեջ խոր նստած լինի թուրքերին չվստահելու և չհավատալու մտայնությունը, այնուամենայնիվ, սթափ դատողությամբ առաջնորդվելու դեպքում դժվար չէ նկատել, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումն այսօրվա դրությամբ բխում են հենց Թուրքիայի շահերից։ Բազմաթիվ փաստարկներից ներկայացնենք երկուսը։ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում հանդես գալ որպես ինքնուրույն «խաղացող»՝ սահմանափակելով կախվածությունը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ Ռուս-վրացական հակամարտությունը նկատել տվեց, որ Վրաստանը դեռ երկար ժամանակ մնալու է անկայուն երկիր և յուրաքանչյուր պահի կարող է կրկին դառնալ ռուսական ագրեսիայի թիրախ։ Արևմուտքի հակազդեցության «ռեսուրսները» տվյալ պարագայում լինելու են գրեթե զրոյական։ ՈՒստի «Նաբուկոն» և մեծամասշտաբ այլ ծրագրեր անվտանգ կյանքի կոչելու համար (հիմնականում նկատի ունենք Իրանի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարները) նախ` պետք են Ռուսաստանի աջակցությունը և տրանզիտային երկրի կարգավիճակով հանդես եկող Հայաստանը։ Թուրքիայի մտադրության լրջությունը հասկանալու համար պետք է նկատի ունենալ, որ ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ին «լռեցնելու» մեկ տարբերակ կա` վերացնել Հայաստանի շրջափակումը, ինչը Վաշինգտոնին շատ ձեռնտու է՝ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու առումով։ Ինչպես տեսնում ենք, տնտեսական շրջափակումից դուրս գալու և միջազգային ծրագրերին ինտեգրացվելու հիանալի հնարավորություն է ստեղծվում, և ՀՀ իշխանություններն էլ պարտավոր են գործել ճկուն, սթափ, պրագմատիկ՝ հուզական մոտեցումներով առաջնորդվողների ազդեցությունից զերծ մնալով։ Միայն այս կերպ Թուրքիան կդառնա այն կարճ և էժան ճանապարհը, որը մեզ կկապի Եվրոպային։
2. Հայաստան-Իրան հարաբերություններում նույնպես որակական նոր առաջընթաց է սպասվում։ ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերանալու է։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի Իրան-Հայաստան գազամուղը գործարկելուն և այն տրանզիտային դարձնելուն։ Կտրուկ կավելանան իրանական կապիտալ ներդրումները Հայաստանում։ Շատ արագ կկառուցվի Իրան-Հայաստան երկաթուղին։
3. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր շեշտադրումները կապված կլինեն Վրաստանի հետ։ Հայաստանի ներգրավվածությունը խոշոր ծրագրերում, տրանզիտային երկիր դառնալու հեռանկարը կնվազեցնեն Վրաստանի կարևորությունն ու նշանակությունը աշխարհատնտեսական առումով։ ՈՒստի Ռուսաստանը ևս շահագրգռված կլինի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ և սահմանների բացմամբ։
4. Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Եվրոպա հարաբերություններում, թվում է, առանցքային լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ Ի տարբերություն մարտի 1-ի իրադարձություններով պայմանավորված նախկին նախագահ Բուշի կոշտ դիրքորոշման, ինչն արտահայտվում էր ԵԽ-ում ունեցած լծակներով ՀՀ իշխանությունների վրա ճնշումների գործադրմամբ, նորընտիր նախագահ Օբաման, հավանաբար, նույնքան հետևողական չի լինի այս հարցում, եթե, իհարկե, ՀՀ իշխանությունները հանկարծ չհրաժարվեն քաղբանտարկյալներին ազատ արձակելու մտադրությունից։
Այսպիսով, աշխարհաքաղաքական ընդհանուր համապատկերում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատացումը, ԱՄՆ-Իրան հակամարտության մեղմացումը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմի» փոխարկվելը «սառը խաղաղության», բավականին նպաստավոր ֆոն և դրական հեռանկարներ են «ապահովում» Հայաստանի համար։ Մնում է գործնական ու արդյունավետ քաղաքականությամբ առավելագույնս օգտվել բարենպաստ հանգամանքներից՝ անպայմանորեն ձեռքի տակ ունենալով ժամանակի իրողություններին համարժեք նոր, հստակ և ճկուն հայեցակարգ։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3155

Մեկնաբանություններ